2026 թվականի
հունվարի 29-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ
ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալ։
Այցը պայմանավորված
էր զինծառայողի ընտանիքի անդամի կողմից ստացված բողոքով՝ զինծառայողի առողջական վիճակի
և բուժօգնության կազմակերպման վերաբերյալ։
Այցի ընթացքում
Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հոսպիտալի բուժանձնակազմի և ղեկավար
կազմի հետ, քննարկվել են իրականացվող բժշկական հետազոտությունների ընթացքի, տրամադրվող
բուժօգնության, ինչպես նաև՝ առողջական բոլոր խնդիրների հաշվառմամբ` փորձաքննելու և
զինվորական ծառայության համար հետագա պիտանիությունը որոշելու հետ կապված հարցերը։
Տեղի է
ունեցել նաև առանձնազրույց զինծառայողի հետ, որի ընթացքում վերջինս, ի թիվս այլնի,
բարձրացրել է հոգեբանի խորհրդատվության և առանձին պալատում տեղակայվելու անհրաժեշտությանը
վերաբերելի հարցեր։ Իրականացված այցի շրջանակում Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի
հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ապահովվել է զինծառայողի հոգեբանական
խորհրդատվությունը, ինչպես նաև վերջինիս տեղափոխումն առանձին պալատ։
Այս պահին
քայլեր են ձեռնարկվում իրավունքների պաշտպանությանն առնչվող մնացյալ հարցերը հասցեավորելու
ուղղությամբ:
Զինծառայողին
առնչվող բողոքի քննարկման ընթացակարգը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
շարունակվում է, նրա առողջական վիճակը և տրամադրվող բժշկական օգնությանն առնչվող հարցերը
Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են:
Իրազեկում.
Զինծառայողների
և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի հարցերով Պաշտպանին կարելի
է դիմել՝ զանգահարելով թեժ գծի 116 հեռախոսահամարով, իսկ ոչ աշխատանքային օրերին և
ժամերին՝ 096-116-100 հեռախոսահամարով։
Պաշտպանին
կարելի է դիմել նաև՝ այցելելով Պաշտպանի աշխատակազմ՝ ք․ Երևան, Պուշկին 56Ա, ինչպես
նաև էլեկտրոնային եղանակով՝ ombuds@ombuds.am։