Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ամանորի տոների
կապակցությամբ այցելել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Մարի Իզմիրլյանի
անվան խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն` շահառուներին շնորհավորելու
և նրանց հետ տոնական տրամադրությունը կիսելու նպատակով։
Այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանը շրջայց է կատարել
հաստատության տարածքում, ծանոթացել շահառուների առօրյային, զարգացման և խնամքի ծրագրերին,
ինչպես նաև ուսումնասիրել հաստատության կենսապայմանները։
Անահիտ Մանասյանը տոնական
տրամադրությունը կիսել է շահառուների հետ, ջերմ շփում ունեցել նրանց
հետ՝ հանձնելով Ամանորի առթիվ խորհրդանշական նվերներ։
Մարդու իրավունքների պաշտպանը, որպես «Հաշմանդամություն ունեցող
անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում
իրականացնող պաշտոնատար անձ, հատուկ ընդգծում է հաշմանդամություն ունեցող անձանց համար
պետության կողմից համայնքահեն ծառայությունների տրամադրման ուղղությամբ գործուն քայլեր
ձեռնարկելու, կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և համակարգված մոտեցում որդեգրելու
կարևորությունը։