Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Հայաստանում ասորական ամենախոշոր՝
Արարատի մարզի Վերին Դվին համայնք։
Այցի մեկնարկին տեղի է ունեցել հանդիպում համայնքի
ղեկավար Լյուդմիլա Պետրովայի հետ: Վերջինս ներկայացրել է Հայաստանում բնակվող ասորիների
իրավունքներին, ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը վերաբերելի առանձին
հարցեր։ Հատուկ անդրադարձ է կատարվել համայնքի բնակիչների իրավունքներին վերաբերելի
հարցերին:
Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ
ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն ու խթանումն իր աշխատանքի
կարևոր ուղղություններից են։ Պետությունը պետք է հատուկ գործիքակազմեր գործադրի ազգային
փոքրամասնությունների իրավունքների խթանման նպատակով:
«Չափազանց կարևոր է ազգային փոքրամասնություններին
պատկանող անձանց ազգային և էթնիկ ինքնության պահպանման, ավանդույթների, լեզվի, կրոնի
և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորումը, այդ նպատակով հատուկ
կառուցակարգերի գործադրումը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների համայնքների
ակտիվ ներգրավվածությունը հասարակական կյանքին»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Այնուհետև Անահիտ Մանասյանն այցելել է Վերին
Դվինի միջնակարգ դպրոց (նոր շենքի կառուցմամբ պայմանավորված՝ դասապրոցեսը կազմակերպվում
է Դվինի Լեոնիդ Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոցում): Տնօրենի և ուսուցչական անձնակազմի
հետ տեղի են ունեցել իրավունքներին առնչվող առանձին հարցերի վերաբերյալ քննարկումներ:
Դպրոցում Պաշտպանը մասնակցել է աշակերտների
կողմից իրականացված` ամանորին նվիրված նախատոնական միջոցառման: Աշակերտները հանդես
են եկել տոնական թեմատիկ բեմադրություններով և ազգային պարով:
Միջոցառման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհավորել
է ներկաներին գալիք Ամանորի առթիվ՝ նշելով․
«Թող գալիք տարին յուրաքանչյուր ընտանիք բերի
խաղաղություն, համերաշխություն և բարօրություն։ Երեխաների ժպիտը, երջանիկ մանկությունը
կարող են երաշխավորվել համերաշխ ու խաղաղ միջավայրում, որի ձևավորման գործում յուրաքանչյուրս
պետք է ունենա առանցքային դերակատարություն»։