Հոկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը`
աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ աշխատանքային այց է իրականացրել Շիրակի
մարզ։
Այցի շրջանակում
իրականացվել է այց ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մուշի բաժնի ձերբակալվածների պահման վայր՝
հոկտեմբերի 20-ին Գյումրիում ձերբակալված անձանց տեսակցելու նպատակով։ Ուսումնասիրվել
են նրանց բերման ենթարկելու հիմքերը և իրավունքների ապահովման վիճակը։ Ազատությունից
զրկված անձանց հետ կայացել են առանձնազրույցներ, որոնց բովանդակությունը խորհրդապահական
է և հրապարակման ենթակա չէ։
Աշխատանքային
այցի ընթացքում Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի
հետ։
Զրուցակիցները
քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները։
Պաշտպան Անահիտ
Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ համագործակցությունը՝ ընդգծելով, որ
համատեղ ջանքերի շնորհիվ անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը,
որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության համակարգի վրա։
Այցի շրջանակներում
Պաշտպանն այցելել է Ամասիա և Աշոցք համայնքներ։ Ամասիայում տեղի է ունեցել հանդիպում
համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանի հետ։ Զրուցակիցները քննարկել են համայնքային
մակարդակում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները։
Ամասիայում
Պաշտպանն այցելել է մանկապարտեզ, մարզամշակութային կենտրոն և գրադարան՝ տեղում ծանոթանալով
դրանց գործունեությանը և պայմաններին։
Անահիտ Մանասյանը
հանդիպումներ է ունեցել Ամասիա և Աշոցք համայնքների բնակիչների, այդ թվում՝ Լեռնային
Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ։ Քննարկումների ընթացքում բարձրացվել են համայնքային
և սոցիալական տարբեր խնդիրներ՝ կրթության, զբաղվածության, հանրային տրանսպորտի, ճանապարհաշինության,
ինչպես նաև պետական և համայնքային ծառայությունների մատչելիության հետ կապված։
Ամասիայում
առանձնահատուկ ընդգծվել են անձնագրային ծառայությունների հասանելիության խնդիրները,
Աշոցքում` ճանապարհաշինության հետ կապված առանձին հարցեր:
«Մարզերի
բնակիչների իրավունքների պաշտպանությունն իմ գործունեության առաջնահերթ ուղղություններից
է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրվում են բազմաբնույթ խնդիրներ,
որոնց լուծման համար առաջնային է արդյունավետ համագործակցությունը պետական և տեղական
ինքնակառավարման մարմինների հետ։ Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների իրացման պատշաճ
համակարգի ապահովումը կարևոր պայման է արդար և հարգալից հասարակություն կառուցելու
համար», – նշել է Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների
պաշտպանի՝ ՀՀ մարզեր իրականացվող աշխատանքային այցերը կրում են շարունակական բնույթ
և նպատակ ունեն տեղում ուսումնասիրել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, արձանագրել
առկա խնդիրները և խթանել դրանց արդյունավետ լուծման գործընթացը։
Այցի արդյունքները
կամփոփվեն և արձանագրված խնդիրների կապակցությամբ Պաշտպանի իրավասության շրջանակում
կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։