Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Բրյուսելում սեպտեմբերի
24-26-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի
(ENNHRI) 2025 թվականի Առաջնորդության ֆորումին։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 30 երկիր ներկայացնող
Մարդու իրավունքների պաշտպաններ և ՄԻՊ հաստատությունների ներկայացուցիչներ: Քննարկումների
օրակարգում ընդգրկվել են մարդու իրավունքներին և իրավունքի գերակայությանն առնչվող
մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հավատարմագրում,
ազգային մակարդակում մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերի կատարելագործում,
մարդու իրավունքների ազգային հաստատություններին ուղղված սպառնալիքների դեմ պայքար
և այլն։
Ֆորումի շրջանակում Անահիտ Մանասյանը որպես
մոդերատոր է հանդես եկել մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար ճգնաժամերին
պատրաստվածության և կայունության ամրապնդման թեմային նվիրված քննարկմանը:
Մասնակիցներն անդրադարձել են մարդու իրավունքների
ազգային հաստատությունների կայունության, արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետության
բարձրացման հարցերին, ինչպես նաև կիսվել են իրենց փորձառությամբ:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանի ՄԻՊ
հաստատության փորձառությունը արտակարգ իրավիճակներին արձագանքման հարցերում, մարդու
իրավունքների ընկալմանն առնչվող և ոլորտում առկա խնդիրները, ՄԻՊ հաստատության մարտահրավերները,
որոնք ընդհանուր են մի շարք այլ հաստատությունների համար, դրանք հաղթահարելու կառուցակարգերը:
Մարդու իրավունքների ազգային հաստատությունների
եվրոպական ցանցի Առաջնորդության ֆորումի շրջանակում քննարկվել է մարդու իրավունքներին
վերաբերելի հարցերի լայն շրջանակ: Հատուկ ուշադրություն է դարձվել այն մեխանիզմների
ներդրմանը, որոնք թույլ կտան ապահովել ազգային հաստատությունների անխափան և արդյունավետ
աշխատանքը, այդ թվում` ճգնաժամային իրավիճակներում։