Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 15-16-ը մասնակցել է «Կանայք և գլոբալ
անվտանգության ճարտարապետությունը» մտակենտրոնի կողմից «Համապարփակ անվտանգություն
և դիմակայունություն 2025» ծրագրի շրջանակներում կազմակերպված միջազգային համաժողովին։
Երկօրյա միջազգային համաժողովին մասնակցել են
Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դիվանագիտական առաքելությունների
և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:
Պաշտպան Անահիտ Մանասյանը որպես խոսնակ ելույթ
է ունեցել «Կանայք զինված ուժերում, աճող ռազմականացումը կամ գենդերային բազմազանությունը
որպես ռազմավարական առավելություն» թեմայով պանելային քննարկմանը։
Իր խոսքում Պաշտպանն անդրադարձել է զինված ուժերում
կանանց ներգրավվածության և գենդերային բազմազանության ապահովման տեսանկյունից տարբեր
կարծրատիպերի և խոչընդոտների հաղթահարման կարևորությանը․«Կանանց հետ կապված կարծրատիպերը
ընդհանուր են հանրային միջավայրում և այդ բոլոր կարծրատիպերը վերաբերելի են նաև զինված
ուժերում կանանց ներգրավվածությանը։ Հայաստանում և շատ այլ հասարակություններում զինված
ուժերը մշտապես ընկալվել են որպես բացառապես տղամարդկանց միջավայր։ Տղամարդկանց և կանանց
դերերի կարծրացած տարանջատումը պետք է հաղթահարվի, և կանայք պետք է ունենան զինված
ուժերում, անվտանգային համակարգում ներգրավման հավասար հնարավորություններ»։
Միևնույն ժամանակ, Պաշտպանն իր խոսքում անդրադարձել
է զինված ուժերում կանանց իրավունքներին վերաբերելի մի շարք հարցերի ու խնդիրների,
որոնք բացահայտվել են ՄԻՊ մշտադիտարկման արդյունքում, ներառյալ՝ իրավահավասարության
ապահովման, ծառայության պայմանների, ենթակառուցվածքների բարելավման, առաջխաղացման երաշխավորման
և այլ հարցերի տեսանկյունից։
Քննարկման մոդերացիան իրականացրել է Հայաստանում
ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը:
«Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն
2025» միջազգային համաժողովը կազմակերպվել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը»
մտակենտրոնի կողմից՝ Ֆինլանդիայի, Էստոնիայի և Միացյալ Թագավորության կառավարությունների
աջակցությամբ։