Օգոստոսի
8-ին Անահիտ Մանասյանն այցեր է իրականացրել Ջերմուկ խոշորացված համայնք, ինչպես նաև
Կեչուտ և Գնդեվազ բնակավայրեր:
Տեղի են
ունեցել հանդիպումներ բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի
խնդիրների հավաքագրում:
Վերոնշյալ
բնակավայրերի բնակիչները ներկայացրել են զբաղվածության ապահովմանը, սեփականության իրավունքին,
խմելու և ոռոգման ջրի հասանելիությանը, անվտանգությանը, զինծառայողների իրավունքներին,
ինչպես նաև բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների լավարկմանը միտված այլ հարցեր:
Բնակիչները բարձրացրել են արոտավայրերի, խոտհարքների և վարելահողերի օգտագործման հետ
կապված խնդիրներ։ Բացի այդ, նրանք նշել են, որ դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու
և իրենց ընտանիքներին կենսական միջոցներով ապահովելու հնարավորությունը։ Բարձրացված
խնդիրների հետ միաժամանակ բնակիչները ներկայացրել են նաև դրանց լուծման իրենց տեսլականը:
Անահիտ
Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում
կուսումնասիրվեն, միջոցներ կձեռնարկվեն պետական իրավասու մարմինների հետ համագործակցությամբ
դրանց լուծումներ գտնելու ուղղությամբ:
Այցի շրջանակներում
Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել նաև Կեչուտի նախակրթարանում:
Մարդու
իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին
տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: