2025 թվականին
հրապարակվել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի
(ENNHRI)` Եվրոպայում իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ զեկույցը։
Զեկույցն
ուրվագծում է իրավունքի գերակայության ներկայիս միտումներն ու մարտահրավերները, մանրամասն
անդրադարձ կատարում ինչպես իրավունքի գերակայության երաշխավորման վիճակին եվրոպական
մակարդակում, այնպես էլ անդամ պետություններում առկա իրադրությանը՝ ներկայացնելով իրավունքի
գերակայության երաշխավորմանն ուղղված պրակտիկայի բարելավման առաջարկություններ:
Զեկույցը,
մասնավորապես, անդրադարձ է կատարում իրավունքի գերակայության և մարդու իրավունքների
միջավայրի վրա ազդող շարունակական մարտահրավերներին, որոնց բախվում են եվրոպական ցանցի
անդամ հաստատությունները:
Անդրադառնալով
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը՝ զեկույցը շեշտադրում է Հայաստանի Մարդու
իրավունքների պաշտպանի իրականացրած աշխատանքներն ինչպես կին մարդու իրավունքների պաշտպանների
պաշտպանության, մեդիայի ազատության, բազմակարծության, լրագրողների անվտանգության, հավաքների
ազատության, անհամաչափ ուժի կիրառման, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով,
այնպես էլ ընդգծում այն մարտահրավերները, որոնց բախվել են Պաշտպանն ու աշխատակազմը
վերոնշյալ աշխատանքների իրականացման ընթացքում:
Այսպես,
զեկույցի` «Մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության նպաստավոր
և անվտանգ միջավայրի ապահովում» բաժնում առանձնացվել են այն ՄԻՊ հաստատությունները,
որոնք ենթարկվել են հարձակումների, ատելության խոսքի դրսևորման կամ ահաբեկման։ Մարդու
իրավունքների ազգային հաստատությունների դեմ առցանց հարձակումների և ատելության խոսքի
դրսևորումներ են գրանցվել Հայաստանի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի, Լյուքսեմբուրգի
և Սլովակիայի ՄԻՊ հաստատությունների պարագայում, իսկ Խորվաթիայի, Մոնտենեգրոյի և Լեհաստանի
ՄԻՊ-երը ստացել են իրենց ուղղված գրավոր սպառնալիքներ։