Հուլիսի
17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Դիլիջանում մասնակցել է «Ազգային
փոքրամասնությունների ներկայացուցիչների կրթության իրավունքի իրացման խնդիրները» թեմայով
կազմակերպված քննարկմանը։ Միջոցառումը կազմակերպել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության
և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան
գրասենյակի աջակցությամբ։
Քննարկման
ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի ազգային փոքրամասնությունների
ներկայացուցիչների կրթության կազմակերպման առանձնահատկություններին, ինչպես նաև նրանց
հանրակրթության և բարձրագույն կրթության իրավունքի ապահովմանն առնչվող խնդիրներին։
Իր ելույթում
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների
պաշտպանությունը և խթանումը պահանջում է համակարգային մոտեցում և տարբեր շահագրգիռ
կողմերի համատեղ աշխատանք։
«Կրթության
իրավունքն առանցքային նշանակություն ունի ազգային փոքրամասնությունների ինքնության
պահպանման և հանրային կյանքին լիարժեք մասնակցության համար։ Մեզ համար առաջնահերթ է,
որ այդ իրավունքն ապահովվի ոչ միայն իրավական ակտերի համատեքստում, այլ նաև գործնականում։
Այդ համատեքստում կարևորվում է նաև ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող
մասնագետների պատրաստման հարցը, ինչը ներկայում շարունակում է մնալ մարտահրավեր։ Պետք
է համատեղ ջանքերով լուծենք այս հիմնախնդիրները», – նշել է Անահիտ Մանասյանը։
Բացման
խոսքով է հանդես եկել ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Մասնակցել են պետական
մարմինների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ և փորձագետներ։
Քննարկման
ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտը կարգավորող իրավական ակտերին ու դրանց նախագծերին,
մասնագիտական կադրերի պատրաստման գործում առկա դժվարություններին, ինչպես նաև ազգային
փոքրամասնությունների համար նախատեսված ուսումնական գրականության և մասնագիտական նյութերի
սակավությանը։
Միջոցառման
մասնակիցները կարևորել են նաև կրթական միջավայրի ներառականության խթանումը՝ հիմնվելով
բազմազանության և հավասար հնարավորությունների սկզբունքների վրա։