ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում նախատեսվել են համատեղ միջոցառումներ ու ծրագրեր իրավահավասարության երաշխավորման ու խտրականության բացառման նպատակով։
Այս միջոցառումների շարքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ու Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունը նախաձեռնել են համատեղ միջոցառում, որի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ազգային հարցում՝ գնահատելու Հայաստանում խտրականության առնչությամբ հասարակական ընկալումներն ու վերաբերմունքը։
Նշված նախաձեռնությունը աջակցում է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության և իրավական բարեփոխումների գործընթացներին, ինչպես նաև ուղղված է «Իրավահավասարության ապահովման մասին» օրենքի ընդունման գործընթացի խթանմանը։
Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունն այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու նպատակով հրավիրում է որակավորված ազգային փորձագետների կամ խորհրդատվական խմբերի՝ ազգային հարցումը մշակելու և իրականացնելու նպատակով։
Ազգային հարցումն իրականացնելու համար դիմելու վերջնաժամկետը 2025թ. օգոստոսի 8-ն է։ Նախաձեռնության, այդ թվում՝ ազգային հարցումն իրականացնելու նպատակով դիմում ներկայացնելու վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունները ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության հայտարարության մեջ, որը հասանելի է այս հղումով։
Նախաձեռնությունը ֆինանսավորվում է Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության կողմից՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ համագործակցության շրջանակում։
Հիշեցնենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատությունների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը համագործակցության ձևաչափ է, որը նպատակ ունի խթանել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Մարդու իրավունքների պաշտպանության դանիական հաստատության միջև հաղորդակցությունը, կարողությունների զարգացման համար փորձի փոխանակումը՝ բարելավելու համար հաստատությունների աշխատանքները մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության հարցում։