2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին,
որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն
իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։
Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին
տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման երաշխավորմանը: Նշվածի հաշվառմամբ՝
խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած
փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան: Նման գործելաոճը վտանգում
է վարույթն իրականացնող մարմնի վարչական շենքում գտնվող՝ հատկապես քրեական հետապնդման
ենթարկվող անձանց իրավաբանական օգնություն ստանալու, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված
այլ իրավունքների պատշաճ իրացումը: Պաշտպանն ընդգծում է, որ այս պրակտիկան պետք է իսպառ
բացառվի:
Նշվածի հաշվառմամբ` Պաշտպանն իրավասու մարմինների ղեկավարների
ուշադրությունն է հրավիրում ստեղծված իրավիճակին՝ կարևորելով առաջացած խնդիրների հրատապ
լուծումը։