Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Անժելիկա Մովսեսովան
հունիսի 9-13-ը Վարշավայում՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների ակադեմիայում,
մասնակցել է «Մարդու իրավունքների պաշտպանների պաշտպանություն. Մարդու իրավունքների
ազգային հաստատությունների դերը» խորագրով դասընթացի։
Միջոցառումը կազմակերպվել էր ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների
և մարդու իրավունքների գրասենյակի (ODIHR) և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների
եվրոպական ցանցի (ENNHRI) համատեղ նախաձեռնությամբ։
Դասընթացի մասնակիցներին ողջունել են Լեհաստանի Մարդու իրավունքների
հանձնակատար Մարչին Վիոնցեկը, ODIHR-ի ղեկավար Մարիա Թելալյանը, ինչպես նաև ODIHR-ի
մարդու իրավունքների ստորաբաժանման ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Էնդրյու Գարդները։
Մասնակցելով դասընթացին՝ տարբեր երկրների՝ այդ թվում Հունաստանի,
Ֆրանսիայի, Մոլդովայի, Սլովակիայի, Վրաստանի, Ալբանիայի, Թուրքիայի, Շոտլանդիայի, Իռլանդիայի,
Չեխիայի և այլ պետությունների ազգային հաստատությունների ներկայացուցիչները հնարավորություն
են ունեցել փոխանակելու լավագույն փորձը, քննարկելու ոլորտային մարտահրավերները և մշակելու
գիտելիքների ու հմտությունների կիրառման արդյունավետ մոդելներ։
Դասընթացի նպատակն էր խթանել համագործակցությունը մարդու իրավունքների
ազգային հաստատությունների միջև, ինչպես նաև ամրապնդել դրանց կապը ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի
և Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների եվրոպական ցանցի հետ։
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է աշխատակազմի
ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը կարողությունների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին՝
ընդգծելով միջազգային համագործակցության, մասնագիտական առաջընթացի և փորձի փոխանակման
կարևոր դերը պաշտպանական ինստիտուտի գործունեության որակական բարձրացման գործում։