ՀՀ մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հունիսի 10-ին
Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև մարդու իրավունքների
պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացրել
է աշխատակազմի 2024 թվականի ծախսերի և եկամուտների հաշվետվությունը։
Ըստ ներկայացված
հաշվետվության՝ 2024 թվականին ՄԻՊ աշխատակազմի ծախսերի համար հատկացվել է 573.8 մլն
դրամ, որի կատարողականը կազմել է 97.7 տոկոս:
Նշվել
է, որ 2024 թվականին հատկացված բյուջետային միջոցների գերակշիռ մասը՝ շուրջ 99.4 տոկոսը,
տրամադրվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների
տրամադրում» միջոցառմանը: Երկրորդ միջոցառման շրջանակում 4 մլն դրամ հատկացվել է հաստատության
տեխնիկական հագեցվածության ապահովմանը։
Գլխավոր
քարտուղարն ընդգծել է, որ հաշվետու տարում Միավորված Ազգերի Կազմակերպության Մարդու
իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով
ենթահանձնաժողովը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը
շնորհել է վստահելիության և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ։ Սա կարևոր
չափորոշիչ է, որ հաստատությունը գործում է անկախության, անկողմնակալության և վստահելիության
բարձր չափանիշներով՝ իրավական գործիքակազմի գործադրմամբ։
Հաշվետու
տարում ՄԻՊ աշխատակազմ ստացել է 11,634 դիմում-բողոք, որոնցից 1,620-ը ստացել է դրական
լուծում, այսինքն` 13.92 տոկոսը, ինչը դրական շարժընթաց է։
Անդրադարձ
է կատարվել նաև Աշխատակազմի իրականացրած մշտադիտարկման աշխատանքներին, նորմատիվ իրավական
ակտերի վերաբերյալ կարծիքների տրամադրմանը, միջազգային ընթացակարգերի շրջանակում Պաշտպանի
հաստատության ներկայացրած այլընտրանքային զեկույցներին և այլն։
Գլխավոր
քարտուղարն այնուհետև պատասխանել է պատգամավորների հնչեցրած հարցերին։