Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության
և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության
խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին:
Հանդիպմանը
մասնակցել են նաև ԵԽ ծրագրերի ավագ պատասխանատու Մայա Ստոյանովիչը, ԵԽ փորձագետ Ֆեդերիկո
Ֆալոպպան, «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի
պատասխանատու Հակոբ Գաբրիելյանը և ՄԻՊ ներկայացուցիչները:
Ողջունելով
հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում
Պաշտպանի հաստատության և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը: Քննարկվել
են ոլորտային համագործակցության ընդլայնման ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ
ՄԻՊ աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:
Զրույցի
շրջանակում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Հայաստանում իրավահավասարության երաշխավորման
և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները, ընդգծել է մեր երկրում ատելության
խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալները և
դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Հանդիպման
ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն
ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։
Իր հերթին
Անգելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ
քննարկման համար։