Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 26-ին
ընդունել է Սերբիայի Հանրապետության գենդերային հավասարության, կանանց նկատմամբ բռնության
կանխարգելման, կանանց տնտեսական և քաղաքական հզորացման հարցերով պետնախարար Տատյանա
Մացուրային։
Հյուրին ուղեկցել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ
և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչը:
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և հաստատության
գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ մարդու իրավունքների պաշտպանությունը
պետք է զուգակցվի դրանց խթանմանն ուղղված համակարգային և հետևողական քայլերով։
Պաշտպանը նշել է, որ իր աշխատանքի ուղղությունները բավական ընդգրկուն
են, ի թիվս այլնի, ներառելով կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, ինչպես
նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունն ու խթանումը։
Հատուկ ուշադրություն է դարձվել կանանց իրավունքների պաշտպանության
և ընտանեկան բռնության կանխարգելման հարցերին։
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ բռնության դեմ պայքարը պահանջում
է ոչ միայն իրավական հստակություն, այլև քաղաքական կամք, հանրային գիտակցության բարձրացում
և ոլորտային համակարգված մոտեցում։ Այս համատեքստում նա կարևորել է մեր երկրում ընտանեկան
բռնության մասին օրենքի ընդունումը՝ նշելով, որ այն էական ազդեցություն է ունեցել նման
դեպքերի բացահայտման, կանխարգելման և բռնության զոհերի պաշտպանվածության մակարդակի
բարձրացման գործում։
Անդրադառնալով ատելության և խտրականության դրսևորումներին՝ Պաշտպանը
խիստ մտահոգիչ է համարել առցանց տիրույթում և մեդիադաշտում խտրական և ատելության խոսքի
տարածման աճը, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից արվող հայտարարություններում։
Նա նշել է, որ այս երևույթները լրջորեն խաթարում են հանդուրժողականության և իրավահավասարության
սկզբունքները։
Քննարկման առանցքային թեմաներից էր նաև իրավահավասարության ապահովման
և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերների հաղթահարման անհրաժեշտությունը։
Այս համատեքստում Անահիտ Մանասյանը կարևորել է «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից
պաշտպանության մասին» օրենքի ընդունումը։
«Թեև տարիների ընթացքում այս ոլորտում արձանագրվել են մի շարք
դրական զարգացումներ, այնուամենայնիվ առկա են խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն համապարփակ
օրենսդրական բարեփոխումների և նպատակային պետական քաղաքականության միջոցով։ Այդ համատեքստում
օրենքի ընդունումը կդառնա առանցքային քայլ՝ ուղղված հավասարության երաշխավորմանը»,-
ասել է Պաշտպանը։
Կողմերը քննարկել են նաև փորձի փոխանակման և ոլորտային համագործակցության
հնարավորությունները՝ ուղղված քննարկված ոլորտներում առկա խնդիրների առավել արդյունավետ
հաղթահարմանը։