Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 23-ին
մասնակցել է «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր»
ՊՈԱԿ-ի աշակերտների «Վերջին զանգին» նվիրված «Լռության լուսե թռիչք» խորագրով միջոցառմանը:
Կրթահամալիրի շրջանավարտները հանդես են եկել համերգային ծրագրով,
ներկայացրել բեմադրություն: Երիտասարդներին
իրենց ելույթներով շնորհավորել են սիրված արտիստները:
Շնորհավորելով շրջանավարտներին՝ Պաշտպանը նշել է, որ գիտելիքը
մարդու ամենաարժեքավոր և անփոխարինելի հարստությունն է, որի շնորհիվ հնարավոր է հասնել
մեծ նպատակների։ Նա ընդգծել է յուրաքանչյուր անձի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում
հավասար մասնակցության իրավունքը՝ կարևորելով արդյունավետ սոցիալական ներառման և իրական
հնարավորությունների ապահովման անհրաժեշտությունը։
Անահիտ Մանասյանը շեշտել է պետության առանցքային դերը՝ որպես
երաշխավոր այնպիսի պայմանների ձևավորման, որոնք թույլ կտան տարբեր առանձնահատկություններով
անձանց լիարժեքորեն իրացնել անկախ ապրելու և համայնքում ներգրավվելու իրավունքը։
«Մենք բոլորս ունենք մեր առանձնահատկությունները, սակայն ապրում
ենք նույն միջավայրում և բախվում նմանատիպ մարտահրավերների։ Կարևոր է ստեղծել այնպիսի
միջավայր, որտեղ յուրաքանչյուրի առանձնահատկությունը կդառնա համերաշխության, փոխըմբռնման
և համատեղ զարգացման շարժիչ ուժ»,- նշել է Պաշտպանը։
Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է տարբեր առանձնահատկություններով
անձանց հավասար մասնակցությունը կրթական, մշակութային, սոցիալական և այլ գործընթացներին,
նաև հասարակության աջակցությունն այդ մասնակցության ապահովման գործում՝ ոչ միայն հարգելով
բազմազանությունը, այլև խրախուսելով այն։