ՀՀ մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում ներկայացրել է Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի
մասին 2024թ. տարեկան հաղորդումն ու Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի
2024թ տարեկան զեկույցը։
Անահիտ
Մանասյանը նշել է, որ երկու փաստաթղթերն ընդգրկում են Հանրապետությունում գրեթե բոլոր
ոլորտներին առնչվող մարդու իրավունքներին վերաբերելի տարատեսակ խնդիրներ: Իր ելույթում
Պաշտպանն անդրադարձել է այն խնդիրներին, որոնք կրում են համակարգային բնույթ:
«Տարեկան
հաղորդման և զեկույցի կազմման ժամանակ փորձել ենք ցուցաբերել նորարարական մոտեցումներ՝
մշակել ենք կառուցակարգեր մեր առաջարկների կատարման տոկոսային տեսքով քանակական տվյալներ
ստանալու համար: Նպատակը մեկն էր, հասկանալ, թե պետական մարմինների կողմից մեր արված
առաջարկներից որքա՞նն են կատարվել: Կանխարգելման ազգային մեխանիզմի զեկույցի շրջանակում
այդ կառուցակարգերն արդեն իսկ գործարկվել են. մասնավորապես, այդ զեկույցի տեսանկյունից
նախորդ տարի կարելի է ամբողջությամբ կատարված համարել առաջարկների 12 տոկոսը, չի կատարվել
40 տոկոսը, մասնակի կատարված է դիտարկվում 48 տոկոսը»,- ասել է Պաշտպանը:
Ընդհանուր
առմամբ, 2024 թվականին դրական լուծում ստացած գործերի քանակը կազմել է 1620։ Տարեկան
հաղորդմամբ բացահայտվել են նոր խնդիրներ, որոնցից շատերը վերաբերել են սոցիալ-տնտեսական
բնագավառին:
«Մասնավորապես,
ավանդաբար ներկայացվող ոստիկանության բռնությունների, ընդհանուր սոցիալ-տնտեսական,
իրավահավասարության և այլ խնդիրների հփտ մեկտեղ ներկայացրել ենք, օրինակ՝ առերևույթ
ոչ իրավաչափ եղանակով իրականացվող քանդման աշխատանքների, պատժից ազատվող և բնակության
վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների հատուցում չտրամադրելու, հանրային
աղմուկի հետ կապված հարցեր»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Տարեկան
հաղորդման շրջանակներում 2024 թվականից սկսած մեծ անդրադարձ է կատարվել իրավահավասարության
և հակախտրականության ոլորտին: Այս տեսանկյունից ավելացվել է նոր խումբ՝ տարեցների իրավունքներին
վերաբերելի:
Մարդու
իրավունքների պաշտպանը հատուկ անդրադարձել է երեխաների, կանանց, ազգային փոքրամասնությունների,
հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, լրագրողների մասնագիտական
գործունեության խոչընդոտման դեպքերին վերաբերող հարցերին, որոնք 2024 թվականի ընթացքում
եղել են իր ուշադրության ներքո: «Այս տարի խոսել ենք ոստիկանության կողմից անհամաչափ
ուժի և հատուկ միջոցների կիրառման, հավաքների ազատության, զինված ուժերում մարդու իրավունքների
պաշտպանության, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների
և վատ վերաբերմունքի այլ ձևերի գործերի քննության, հանրային աղմուկի, տարեցների իրավունքների,
պատժից ազատվող և բնակության վայր չունեցող դատապարտյալների բնակարանի վարձավճարների
հատուցում չտրամադրելու, առերևույթ ոչ իրավաչափ եղանակով քանդման աշխատանքների կատարման
և այլ ոլորտներում առկա խնդիրների մասին»,- ընդգծել է Պաշտպանը:
Անահիտ
Մանասյանն իր ելույթի և հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է մարդու իրավունքների
պաշտպանության ոլորտում արձանագրված բազմաթիվ խնդիրներին` հատուկ ընդգծելով դրանց լուծման
նպատակով ներկայացված առաջարկների իրացման ուղղությամբ իրավասու մարմինների հետ պատշաճ
համագործակցության պատրաստակամությունը և կարևորությունը:
Պաշտպանի
տարեկան հաղորդումն ու տարեկան զեկույցն ամփոփել են նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՄԻՊ
հաստատության գործունեության արդյունքները, առկա խնդիրների մասին վերլուծությունները,
ինչպես նաև դրանց հաղթահարման առնչությամբ Պաշտպանի առաջարկները: