Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 12-ին
աշխատանքային այցով Գյումրիում էր:
Շիրակի
մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ հանդիպմանը Պաշտպանն ընդգծել է մարզպետի աշխատակազմի
հետ արդյունավետ համագործակցության կարևորությունը, ինչի շնորհիվ մի շարք խնդիրների
համար հնարավոր է լինում արագ լուծումներ գտնել:
Զրուցակիցները
քննարկել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական
հիմնահարցերը:
Անդրադարձ
է կատարվել երկրաշարժից տուժածների բնակարանային ապահովմանը, հասարակական տրանսպորտի
հասանելիությանը, ընտանեկան բռնություններին, խոսքի ազատությանը, ատելության խոսքի
տարածմանը վերաբերելի հարցերին:
Պաշտպանը
նշել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց
կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:
Անահիտ
Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հանդիպել է լրագրող Լիլիթ Աղեկյանի մոր և
քրոջ հետ:
Հանդիպումը
տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ:
Լիլիթ
Աղեկյանի ազգականները Պաշտպանին ներկայացրել են գործի հետ կապված իրենց բոլոր մտահոգությունները:
Անահիտ
Մանասյանը նշել է, որ իր հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են նաև ՀՀ
ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Լիլիթ Աղեկյանին:
Դեպքի
առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ մանդատի շրջանակներում իրականացվում են համապատասխան
գործողություններ: Արդյունքների հետ կապված ՄԻՊ աշխատակազմը հանդես կգա հրապարակային:
Անահիտ
Մանասյանը Գյումրիում հանդիպել է Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողների
հետ:
Երիտասարդներին
ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու գործունեության
հիմնական ուղղությունները:
Հանդիպման
շրջանակում Անահիտ Մանասյանը պատասխանել է ուսանողների հարցերին, անդրադարձել մարդու
իրավունքների պաշտպանության հիմնական կառուցակարգերին: Ընդգծվել է հանդուրժողականության,
իրավահավասարության, արդարության և մարդու՝ որպես սահմանադրորեն ճանաչված բարձրագույն
արժեքի կարևորությունը:
Ուսանողները
հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը և քննարկելու իրավունքների
պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկվել են խոսքի ազատության,
մտքի և կրոնի ազատության, մասնավոր կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության
հետ կապված մի շարք հարցեր։ Այնուհետև Անահիտ Մանասյանը քոլեջի տարածքում անվանական
ծառ է տնկել։
Այցի շրջանակում
Անահիտ Մանասյանը ՄԻՊ մարզային ստորաբաժանումում հյուրընկալել է նաև Շիրակի մարզի երեխայի
և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին, որոնք Պաշտպանի նախաձեռնությամբ մայիսի
12-ին այցելել էին Գյումրու Իլյուզիաների թանգարան:
Երեխաները
Պաշտպանին ներկայացրել են հետաքրքիր օրվա մանրամասները, կիսվել իրենց տպավորություններով:
Մարդու
իրավունքների պաշտպանի այցերը մարզեր, հանդիպումները ուսումնական հաստատությունների
և խնամքի կենտրոնների սաների հետ կրում են շարունակական բնույթ: