Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին մասնակցել է մարդու իրավունքների
ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի
ապահովման ազգային մեխանիզմի աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպմանը:
Միջոցառումն
անցկացվել է Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ազգային զեկույցի
քննարկմանն ընդառաջ: Ներկայացվել է զեկույցի նախագիծը, դրանում ընդգրկված թեմաները,
կառուցվածքը և հիմնական ուղղությունները։ Հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ կառույցների,
հասարակական և միջազգային կազմակերպությունների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական
առաքելությունների ներկայացուցիչներ:
Պաշտպանը
չափազանց կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության հետ համագործակցությունը, բոլոր
այն մեխանիզմները, որոնք ուղղված են կատարելագործելու մարդու իրավունքների պաշտպանության
համակարգը. «ՄԱԿ-ի բոլոր մեխանիզմները բացառիկ կարևորություն ունեն ցանկացած երկրում
ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համակարգի ամրապնդման տեսանկյունից։
Մեր հաստատությունն այդ մեխանիզմների համատեքստում ակտիվ գործունեություն է իրականացնում,
մասնավորապես, պարբերաբար ներկայացնում ենք այլընտրանքային զեկույցներ, վարում հաղորդակցություն՝
բարձրացնելով հրատապ լուծումներ պահանջող խնդիրներ»։
Իր խոսքում
Անահիտ Մանասյանն անդրադարձել է մարդու իրավունքների ոլորտում առկա առանձին խնդիրների,
խոսել դրանց շուտափույթ լուծման կարևորության մասին։
Պանելային
քննարկման ձևաչափով միջոցառման շրջանակում տեղի է ունեցել մտքերի փոխանակում մարդու
իրավունքներին վերաբերող հարցերի շուրջ։
ՀՊԴ
4-րդ շրջանի զեկույցն անդրադառնում է վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին,
այդ թվում՝ մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված իրավական, քաղաքական
և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ինչպես նաև այն խոչընդոտներին և մարտահրավերներին,
որոնց բախվել է երկիրն իր կողմից մշակված քայլերը կամ ստանձնած միջազգային պարտավորությունները
կատարելու ընթացքում: