Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար
Նինա Փիրումյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի
վարչության Ներառականության և խտրականության դեմ արգելքի ծրագրերի բաժնի ղեկավար Թորսթեն
Աֆլերբախին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի
Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու
Հակոբ Գաբրիելյանին։
Ողջունելով հյուրերին՝
Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է երկրում
իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերներն
ու դրանց հասցեագրման հարցում համակարգային մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը։
Իբրև մտահոգության առարկա՝ քննարկվել է խտրական խոսույթի և ատելության խոսքի տարածումն
առցանց տիրույթում, մեդիադաշտում, այդ թվում՝ քաղաքական և հանրային գործիչների կողմից։
Նինա Փիրումյանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի
ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն
հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել
են համագործակցության թե՛ կարճաժամկետ և թե՛ հեռանկարային ուղղությունները, Եվրոպայի
խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման
հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների,
հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը
վերաբերելի հարցերին։
Իր հերթին Թորսթեն Աֆլերբախը շնորհակալություն է հայտնել ընդունելության
և արդյունավետ քննարկման համար։