Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 16-ին ողջույնի խոսքով է հանդես եկել
«Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի
փակման արարողությանը։
Ողջունելով
ներկաներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ իրավահավասարության երաշխավորումն իր աշխատանքի
կարևոր ուղղություններից է։ Պաշտպանն ընդգծել է, որ ոլորտում առկա խնդիրները բազմաթիվ
են և շատ հաճախ կարծրատիպային մոտեցումների արդյունք են։
«Իրավահավասարության
և հակախտրականության մասին այսօրվա մեր պատկերացումները դեռևս պատշաճ չեն և հաճախ չեն
համապատասխանում գործող միջազգային չափանիշներին։ Խնդիրն ավելի ակնառու է, երբ դիտարկում
ենք, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող և հաշմանդամություն ունեցող անձին խնամող, ազգային
փոքրամասնությունները ներկայացնող կանանց և այլն։ Որպես Մարդու իրավունքների պաշտպան,
կարող եմ ասել, որ նրանց խնդիրները լիարժեք հասցեավորված չեն: Իսկ դա ուղղակի ազդեցություն
է ունենում մարդկանց ճակատագրերի վրա»,- ասել է Պաշտպանը։
Իր խոսքում
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ոլորտում խնդիրները հաղթահարելու համար անհրաժեշտ է
ունենալ հանրային կառավարման բնագավառ, որը գենդերազգայուն է։ Այս համատեքստում որպես
ծրագրի կարևոր արդյունք Պաշտպանը նշել է Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ)
ներդրման գործընթացը. «Ուրախությամբ կարող եմ նշել, որ Գենդերային հավասարության պարգևադրոշմը
Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես ամբողջ ծավալով գործարկվել է առաջին անգամ։
Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դարձել է մարդու իրավունքների պաշտպանության
առաջին ազգային հաստատությունը, որն անցնում է պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը»։
Միջոցառման
շրջանակներում անցկացվել են պանելային քննարկումներ ոլորտային թեմաների շուրջ։
Միջոցառմանը
մասնակցել են գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային
կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
«Կանայք
քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագիրն իրականացում
է ՄԱԶԾ Հայաստանի կողմից՝ ՕքսԵՋեն հիմնադրամի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարության հետ համատեղ։