ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 14-ին
Ժնևում մասնակցել է ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի (The United Nations
Committee against Torture) հետ հանդիպմանը։
Անահիտ Մանասյանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար
Նինա Փիրումյանը:
Պաշտպանն անդրադարձել է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ
ձևերի կանխարգելման ուղղությամբ ՄԻՊ հաստատության կողմից իրականացվող աշխատանքներին,
Հայաստանի Հանրապետությունում ոլորտում առկա խնդիրներին:
Նշենք, որ Պաշտպանը ներկայացրել է այլընտրանքային զեկույց պետության
կողմից Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքի կամ պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի կատարման վերաբերյալ, որն ընդգրկում
է 2020-2024 թվականների ժամանակահատվածը՝ ներառելով ինչպես ոլորտի դրական շարժընթացը,
այնպես էլ առկա մարտահրավերները:
Զեկույցը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես
կանխարգելման ազգային մեխանիզմի անկախ գնահատականը, որը հիմնված է մշտադիտարկման, դրա
արդյունքների փաստաթղթավորման և վերլուծության վրա: Այն անդրադառնում է կարևորագույն
հարցերի, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը, կալանքի կիրառության
պրակտիկային, ազատությունից զրկման պայմաններին, հոգեբուժական և խնամքի հաստատություններում
առկա խնդիրներին, արդարադատության մատչելիությանը, ընտանեկան բռնության ոլորտում առկա
խնդիրներին, վատ վերաբերմունքի կանխարգելմանն ու խոշտանգումների արգելքին վերաբերող
այլ հարցերի:
Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է խոշտանգումների դեմ
պայքարի ներպետական երաշխիքների ամրապնդման ուղղությամբ շարունակական ջանքերի կարևորությունը
և վերահաստատում է հաստատության հանձնառությունը Հայաստանում մարդու արժանապատվության
հարգումն ու խոշտանգումների բացարձակ արգելքն ապահովելու համատեքստում։