Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և աշխատակազմի
ներկայացուցիչներն ապրիլի 9-ին հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի
արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ ներքին
անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով
Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ:
Հանդիպման
ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ՝ խտրականության դեմ պայքարի, ընտանեկանև
կենցաղային բռնության, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, իրավապահ
մարմինների գործունեության և քրեական արդարադատության ոլորտում անձանց իրավունքների
պաշտպանության առնչությամբ, այդ թվում՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու պրակտիկայի
և վարչական ձերբակալման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ խնդիրները,
Հայաստանում «Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության (SLAPP)» դատական
գործընթացները և այլն։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները ներկայացրել են նշված
ոլորտներում առկա վիճակը և Պաշտպանի հաստատության հետագա գործողությունները։
Պաշտպանի
աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդգծել է հանդիպման կարևորությունը
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի կազմման համատեքստում:
Հիշեցնենք,
որ ԵՄ առաքելության փորձագետները ապրիլի 7-11-ը Հայաստանում կուսումնասիրեն և կգնահատեն
ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների ոլորտում
Հայաստանի Հանրապետության պատրաստվածության առկա իրավիճակը՝ ուսումնասիրելով ընթացիկ
իրավիճակը, կբացահայտեն բացերն ու կարիքները, կկատարեն եզրակացություններ և կձևակերպեն
կոնկրետ հենանիշեր՝ եվրոպական և միջազգային չափանիշներին համապատասխան բարեփոխումների,
ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների վերաբերյալ:
Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատությունը բարձր է գնահատում ԵՄ փորձագիտական առաքելության
հետ համագործակցությունը և կարևորում դրա շարունակականությունը։