Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 21-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիական
համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզիին, Իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանին
և Իրավաբանական կլինիկա ծրագրի օգնական Անահիտ-Աննա Մկրտչյանին։
Հանդիպման
ընթացքում քննարկվել է վերջերս Ֆրանսիական համալսարանում մեկնարկած «Իրավաբանական կլինիկա»
ծրագիրը, որի նպատակն է նպաստել ուսանողների մասնագիտական կարողությունների զարգացմանը,
ինչպես նաև իրավաբանական աջակցություն տրամադրել խոցելի խմբերին։
Այս համատեքստում,
քննարկվել է նաև Պաշտպանի ինստիտուտի հետ համագործակցության հնարավորությունը՝ ծրագրի
արդյունավետության բարձրացման նպատակով։
Անահիտ
Մանասյանը բարձր է գնահատել նման նախաձեռնությունների իրականացումը՝ շեշտելով, որ դրանք
էական նշանակություն ունեն իրավագիտակցության բարձրացման և մարդու իրավունքների պաշտպանության
ոլորտում առկա խնդիրների լուծման տեսանկյունից։ Պաշտպանը հայտնել է իր պատրաստակամությունը
մանդատի շրջանակում աջակցելու ծրագրի իրականացմանը, այդ թվում՝ ուսանողների համար Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմում փորձաշրջան անցնելու, արտահերթ զեկույցների և
այլ հետազոտական աշխատանքների մշակման գործընթացում ներգրավելու հնարավորությունների
ապահովման միջոցով:
Պաշտպանը
հյուրերին ներկայացրել է «Մարդու իրավունքների ձմեռային դպրոց» ծրագիրը, որը 2024 թվականին
մեկնարկել է առաջին անգամ և ընդգրկել է Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին, այդ
թվում՝ մարզերից։
Հանդիպման
ընթացքում կողմերը քննարկել են նաև մարզային ուսանողների ներգրավվածության հնարավորությունները,
ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության գլոբալ մարտահրավերները։ Անդրադարձ է
կատարվել ատելության խոսքի, խտրականության բացառման, ինչպես նաև երեխաների և հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների պաշտպանության խնդիրներին։
Հանդիպման
ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ նախաձեռնությունները՝
նպաստելով իրավաբանական կրթության զարգացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։