Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մարտի 19-ին մասնակցել է աշխատանքային հանդիպման՝
«Գենդերային հավասարության պարգևադրոշմը հանրային ինստիտուտների համատեքստում» թեմայով։
Աշխատանքային հանդիպումն իրականացվել է գենդերային հավասարության
պարգևադրոշմի ներդրման գործընթացի շրջանակներում, որը Մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում պաշտոնապես գործարկվել է 2024 թվականի ապրիլի 9-ին:
Մարդու իրավունքների
պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝
շնորհակալություն հայտնելով ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերներին գենդերային հավասարության
պարգևադրոշմի ներդրման գործընթացում ցուցաբերած աջակցության և ջանքերի հետագա մեկտեղման
պատրաստակամության համար։ Գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ գենդերային հավասարության
պարգևադրոշմի գործընթացը վերջնարդյունքում նպաստելու է Պաշտպանի հաստատությունում գենդերագզայուն
մոտեցումների առնչությամբ գործելակերպերի կատարելագործմանը՝ այդպիսով հնարավորություն
տալով այդ դրական փորձառությունը կիսելու ինչպես հանրային այլ ինստիտուտների, այնպես
էլ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների հետ։
Ողջույնի խոսքով է հանդես եկել նաև ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության,
հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի համակարգող Աննա Ներսեսյանցը:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի
ներդրման գործընթացի շրջանակներում համատեղ իրականացված աշխատանքները, քննարկվել են գենդերային հավասարության պարգևադրոշմի
շրջանակը հանրային ինստիտուտների համատեքստում, գենդերային հավասարության պարգևադրոշմի
ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև նախանշվել է առաջիկայում իրականացվելիք գործողությունների
պլանը։
Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել է ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության,
հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում, որը
ֆինանսավորվում է Լավ կառավարման հիմնադրամի կողմից: