Մարդու
իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումների և զեկույցների կազմման գործընթացի արդյունավետության
բարձրացման նպատակով մարտի 13-ին տեղի է ունեցել վերապատրաստման դասընթաց՝ ուղղված
Պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանը։
Դասընթացի
շրջանակում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) ազգային փորձագետ Անդրեյ Աստվածատրյանը ներկայացրել
է տարեկան զեկույցների կազմման վիզուալ կողմը՝ անդրադառնալով զեկույցների կառուցվածքին,
մատչելի և հասկանալի ձևաչափով ներկայացման մեթոդաբանությանը, ինչպես նաև դրանց վիզուալ
մատուցման լավագույն միջազգային փորձին։
Քննարկմանը
տեսակապի միջոցով միացել է նաև ԵԽ միջազգային փորձագետ Մարեկ Նովիցկին՝ իր ելույթում
անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային ստանդարտներին
և դրանց կիրառելիությանը զեկույցների պատրաստման գործընթացում։ Մասնավորապես, քննարկվել
են տվյալների ներկայացման թափանցիկությունը, իրավական հիմնավորումների ամրապնդումը,
ինչպես նաև հաղորդումների կազմման մեթոդաբանության կատարելագործման ուղղությունները։
Դասընթացի
ընթացքում վերլուծվել են 2023 թվականի տարեկան զեկույցի փորձագիտական վերանայման հիմնական
արդյունքները, բարձրացված խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկվող բարեփոխումները։
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացումը, ինչպես նաև հաղորդումների
ու զեկույցների պատրաստման մեթոդաբանության կատարելագործումը Պաշտպանի ինստիտուցիոնալ
հզորացման ռազմավարության առանցքային բաղադրիչներից է և կրելու է շարունակական բնույթ՝
ապահովելով Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի առավել արդյունավետ իրականացումը։
Վերապատրաստման
դասընթացը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում
տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում»
ծրագրի շրջանակներում։