Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
պետական ոչ առևտրային կազմակերպությունում գործող «Ճախրուկ» մշակութային կենտրոն: Այցը
նվիրված էր «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի սաներից չորսի ծննդյան օրվան:
Միջոցառմանը
ներկա են եղել նաև ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական
հանձնաժողովի անդամներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը, ինչպես նաև ՄԻՊ ներկայացուցիչները։
Երաժշտախմբի հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ
Մխիթարյանները:
Տոնական
միջոցառման ավարտին Պաշտպանն ու հյուրերը հոբելյարներին հանձնել են նվերներ։
«Յուրաքանչյուր
մարդ՝ տալով սեր և ջերմություն, նպաստում է ընդհանուր միջավայրի դրական փոփոխություններին:
Սիրելի՛ «Ճախրուկներ», ձեր գործունեությունը մեր միջավայրին սեր և ջերմություն տալու
մասին է։ Այդ զգացողությունը ես ունենում եմ մշտապես` ամեն անգամ ձեզ հետ շփվելիս»,
- ասել է Պաշտպանը։
Հաշմանդամություն
ունեցող անձանց և երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո են։ Պաշտպանը կարևորում է պետության
աջակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ներուժի խթանման գործում։