Մրցութային
կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում
սովորող ուսանողներն այս անգամ փետրվարի 28-ին հյուրընկալվել են Հայաստանի Հանրապետության
Գլխավոր դատախազությունում և հանդիպել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ։
Աննա Վարդապետյանը,
Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի մասնակիցների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված
զրույցում, անդրադարձել է Դատախազության լիազորություններին,
դատախազների՝ մասնագիտական գիտելիքների շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներին,
դատախազների թեկնածուներին օրենքով ներկայացվող
պահանջներին, որոնք, ի թիվս այլնի, վերաբերում են պրոֆեսիոնալիզմին, անձնային որակներին
և բարեվարքությանը:
Գլխավոր
դատախազն անդրադարձել է նաև Դատախազության առաջնահերթություններին՝ ուղղված մարդու
իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի
բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի
պաշտպանությանը:
Ձմեռային
դպրոցի ուսանողների համար կազմակերպվել է նաև ճանաչողական այց, Գլխավոր դատախազության
թանգարանում նրանց ներկայացվել է կառույցի պատմությունը:
Նշենք,
որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու
հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ
ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Մարդու
իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ`
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Այն իրականացվում
է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու
իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի
շրջանակներում: