Ձմեռային
դպրոցի աշխատանքները փետրվարի 22-ին շարունակվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի
աշխատակազմում: Քննարկումները վարել են ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:
Մրցութային
կարգով ընտրված՝ ծրագրին մասնակցող ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում
սովորող ուսանողներին ներկայացվել են խտրականության բացառման սկզբունքի բովանդակությունը,
մարդու իրավունքների պաշտպանությունը գործարարության ոլորտում, սոցիալական ցանցերի
ազդեցությունը մարդու իրավունքների վրա և մարդու իրավունքների սահմանափակումներն արտակարգ
դրության ժամանակ, դրանց միջազգային իրավական սկզբունքներն ու ներպետական համատեքստը:
Դասընթացը
վարել են ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը, Պաշտպանի օգնական, Ազդարարման
պատասխանատու Միլենա Տոնեյանը, ՄԻՊ աշխատակազմի hետազոտական, փորձագիտական և կրթական
կենտրոնի ղեկավար Մերի Մամիկոնյանը, աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության
պետ Ժաննա Հակոբյանը և աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների
պաշտպանության դեպարտամենտի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի
պետ Էլլադա Հակոբյանը:
Հարց ու
պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ երիտասարդները հնարավորություն են ունեցել
բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը ներկայացված թեմաների վերաբերյալ:
Նշենք,
որ Ձմեռային դպրոցը ներառում է ինչպես տարբեր պետական մարմիններ այցելություններ ու
հանդիպումներ այդ մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այնպես էլ հանդիպումներ
ոլորտի լավագույն մասնագետների հետ:
Մարդու
իրավունքների Ձմեռային դպրոցը կազմակերպվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ`
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:
Այն իրականացվում
է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու
իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի
շրջանակներում: