Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերանորոգված մասնաշենքի և վարչական շենքի բացման
արարողությանը:
Միջոցառմանը
մասնակցել են Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության
պետ Ծովինար Թադևոսյանը, հիմնարկի պետ Հեղինե Մարտիրոսյանը, Պաշտպանի աշխատակազմի,
նախարարության, ծառայության և հիմնարկի ներկայացուցիչները։
Անահիտ
Մանասյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված
հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում:
«Ազատությունից
զրկված անձանց պահման պայմաններն առանցքային դեր ունեն խոշտանգումների և վատ վերաբերմունքի
բոլոր ձևերի կանխարգելման համատեքստում: Հենց առկա պայմանների հետ կապված են հաճախ
առաջանում տարատեսակ խնդիրներ, որոնք հանգեցնում են իրավունքների խախտումների։ Կարևոր
է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները, այդ թվում՝ ապահովելով
նրանց համար տարբեր ծառայությունների հասանելիությունը և արժանապատվությունը նվաստացնող
վերաբերմունքից զերծ լինելու պահանջի փաստացի իրացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանը
նաև նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված պարբերաբար է
հարցեր բարձրացնում։ Այս համատեքստում ընդգծել է, որ ուրախալի է Արդարադատության նախարարի,
ինչպես նաև իրավասու մյուս մարմինների հանձնառությունը՝ խնդիրներին լուծումներ գտնելու
տեսանկյունից։
Բացման
արարողությունից հետո Անահիտ Մանասյանն ու միջոցառման մասնակիցները շրջայց են կատարել
քրեակատարողական հիմնարկի վերանորոգված մասնաշենքերում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։