Մարդու
իրավունքների պաշտպանի մշտադիտարկումների, գրավոր և բանավոր դիմում-բողոքների, այդ
թվում՝ թեժ գծի հեռախոսահամարին ստացված զանգերի արդյունքում արձանագրվել է, որ վերջին
շրջանում սոցիալական ցանցերում շարունակվում են լայնորեն տարածվել երեխաների մասնակցությամբ
տեսանյութեր, որոնք երեխաներին թիրախավորելու և բուլինգի ենթարկելու պատճառ են դառնում:
Շատ հաճախ
անձնական տվյալները հրապարակվում են առանց երեխաների և նրանց օրինական ներկայացուցիչների
իմացության ու իրազեկ համաձայնության, ինչն անթույլատրելի է և ոչ իրավաչափ։
Հաշվի
առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ
նրանց թիրախավորման ու բուլինգի ենթարկելու պատճառ հանդիսացող նյութերի պատրաստումից,
հրապարակումից և տարածումից։ Երեխաների մասնակցությամբ լուսանկարների և տեսանյութերի
հրապարակումը պետք է իրականացվի բացառապես երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ և
«մի՛ վնասիր» սկզբունքով:
Երեխայի
անձնական տվյալները հրապարակելիս, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելիս
կամ այլ եղանակով անձնական տվյալներն այլ անձի մատչելի դարձնելիս` պետք է խստորեն պահպանվեն
անձնական տվյալները երրորդ անձանց հասանելի դարձնելու՝ միջազգային և ներպետական օրենսդրությամբ
նախատեսված պահանջները։
Պաշտպանը
ևս մեկ անգամ ընդգծում է, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտում երեխաների
իրավունքների խախտման դեպքերը բացառելու ուղղությամբ անհրաժեշտ է իրականացել յուրաքանչյուրի,
և, հատկապես, երեխայի անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ հանրային իրազեկման
արշավներ ու վերապատրաստումներ, բարձրացնել իրազեկվածությունը, ի թիվս այլնի, «Անձնական
տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների
և դրանք խախտելու համար նախատեսված պատասխանատվության վերաբերյալ։
Պաշտպանը
հորդորում է զերծ մնալ երեխաների մասնակցությամբ նման նյութերի պատրաստումից, հրապարակումից
և տարածումից, միաժամանակ, խիստ կարևորում է պետական իրավասու մարնինների, այդ թվում`
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի
կողմից հետևողականության ապահովումը` նման դեպքերի պատշաճ արձագանքման տեսանկյունից: