Ձմեռային
զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` աշխատակազմի ներկայացուցիչների
ուղեկցությամբ, հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական
հավաքակայան:
Հերթական
այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները,
զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին:
Զինված
ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր
Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում:
Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման
և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի
հետ կապված հարցերը: Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական
վիճակի հետ կապված հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել
է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին
լուծումներ մշակելու մեխանիզմներ:
Պաշտպանը
զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների
հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո:
Պաշտպանը
հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում
պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը,
զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները
ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի
միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական
զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու
կառուցակարգեր և այլն:
Զորակոչիկների
առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր
առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները,
որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ
Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր
ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ: