Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում
են. դեկտեմբերի 25-ին Երևանի պետական համալսարանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում
տեղի է ունեցել Պաշտպանի աշխատակազմի 2024 թվականի աշխատանքների ամփոփումն ու պարգևատրման
արարողությունը:
Պաշտպան
Անահիտ Մանասյանը հանդես է եկել ողջունի խոսքով. «Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատությունը կայացած ինստիտուտ է, որի կայուն ավանդույթների ձևավորման գործում իրենց
ավանդն են ներդրել Մարդու իրավունքների բոլոր պաշտպաններն ու 20-ամյա ինստիտուտի բոլոր
ժամանակների աշխատակազմերի ներկայացուցիչները: Այս հաստատությունը մեծ ընտանիք է, որի
յուրաքանչյուր անդամ իր գործունեությանը վերաբերում է որպես առաքելության: Շնորհակալ
եմ անմնացորդ նվիրումով աշխատանքի համար»։
Տոնական
միջոցառմանը հրավիրվել են Մարդու իրավունքների բոլոր նախկին պաշտպանները:
Խոսքով
է հանդես եկել Քրիստիննե Գրիգորյանը, փոխանցվել է Կարեն Անդրեասյանի բարեմաղթանքը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Արմեն Հարությունյանի որդին՝ Ալեքսանդր Հարությունյանը:
Պարգևատրման
արարողության շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչներին հանձնել
է անվանական հուշանվերներ և շնորհակալագրեր: Հաստատության նախկին ղեկավարներին և աշխատակիցներին
ևս փոխանցվել են հուշանվերներ:
Միջոցառման
շրջանակներում ցուցադրվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20 ամյակին
նվիրված ֆիլմը։
Երեկոյի
ավարտին շնորհավորական և շնորհակալական խոսքով հանդես են եկել աշխատակազմի ներկա և
նախկին ներկայացուցիչները: