Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի
20-ին այցելել է «Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ:
Նպատակն էր մարդու իրավունքների կրթության համատեքստում իրականացնել
հանրային իրազեկման աշխատանքներ:
Պաշտպանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակին ու աշխատանքների հիմնական ուղղություններին:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը,
շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝
որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։
«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն
օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր: Որպես Մարդու իրավունքների պաշտպան`
կարևորում եմ ոչ միայն մարդկանց համար, այլ նաև՝ մարդկանց հետ աշխատանքը։ Պետության
պարտականությունն է ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երաշխավորող կառուցակարգեր
և հետևողականորեն զարգացնել դրանք՝ հիմնվելով իրավունքի գերակայության և մարդակենտրոն
արժեքների վրա»,- ասել է Պաշտպանը:
Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի,
անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց պատկերացումները
իրավունքի մասին: Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ նրանք նաև
հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը:
ՀՈԱԿ-ի տնօրեն Էլմիրա Պողոսյանը շնորհակալություն է հայտնել
Անահիտ Մանայանին հյուրընկալվելու և բովանդակային քննարկում անցկացնելու համար:
Ամփոփելով խոսքը՝ Անահիտ Մանասյանը կարևորել է յուրաքանչյուրիս ջանքերի համատեղումը, սեփական միջավայրում որևէ
դրական փոփոխության իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում առկա
խնդիրները հաղթահարելու նպատակով։