Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի
17-ին ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովին
և գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Արկադիուշ Լեգիչին։
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի
հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում
առկա մարտահրավերները։
Պաշտպանն անդրադարձել է 2023 թվականին Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանման գործընթացին և այդ օրերին անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված աշխատանքներին:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ չնայած մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի
գերակայության շարունակաբար կատարելագործվող միջազգային կառուցակարգերին՝ մինչ օրս
չեն վերականգնվել իրենց հայրենի տնից բռնի տեղահանված, անմարդկային տանջանքների ենթարկված
անձանց իրավունքները։
Զրույցի շրջանակում
Պաշտպանն անդրադարձել է մարզային այցերին, դրա շրջանակներում մարդու իրավունքների
ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլնի, քննարկվել են զինված ուժերում
մարդու իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն առնչվող մի շարք հարցեր:
Անահիտ Մանասյանը ներկայացրել է նաև ներկայումս մեր երկրում
իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։
Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության
մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի
շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:
Իր հերթին Ալեքսանդր Վիննիկովը շնորհակալություն է հայտնել ընդունելության
համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության
իրականացման գործում։