Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դասախոսությամբ է հանդես եկել Միջազգային Իրավունքի
Ակադեմիայի չորրորդ դասընթացի շրջանակում՝ նվիրված մարդու իրավունքներին:
Միջոցառման
նպատակն էր քննարկել մարդու իրավունքների միջազգային իրավունքի բնույթը, կառուցվածքը,
կիրառման և պաշտպանության մեխանիզմները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության
դերն ու գործունեության ուղղությունները:
Ողջունելով
ներկաներին՝ Պաշտպանը նշել է, որ կրթության ոլորտը չափազանց կարևորում է, այդ թվում`
մարդու իրավունքների կրթության տեսանկյունից:
«Մարդու
իրավունքների կրթությունը ոչ թե տարբեր տերմինների, այլ ապրելակերպի և արժեքների մասին
է: Դրա մասին գիտելիքները պետք է լինեն համընդհանուր, քանի որ այն ամենը, ինչ գործնականում
սահմանում է իրավունքը, վերաբերում է մարդուն, իսկ մարդը բարձրագույն արժեք է, ում
արժանապատվությունն ու իրավունքները պետք է երաշխավորված լինեն», - ասել է Պաշտպանը:
Հանդիպման
ընթացքում երիտասարդները բարձրաձայնել են մի շարք ոլորտային հարցեր, քննարկումներ են
ծավալվել մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում առկա արդի
մարտահրավերների վերաբերյալ:
Դեկտեմբերի
14-ին և 15-ին անցկացված դասընթացին որպես բանախոս հանդես են եկել միջազգային իրավունքի
ոլորտի մասնագետներ և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՄԻՊ աշխատակազմի
գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ու ՄԻՊ աշխատակազմի հետազոտական, փորձագիտական և
կրթական կենտրոնի ղեկավարի տեղակալ Մերի Մամիկոնյանը: Նրանք երիտասարդներին ներկայացրել
են փախստականների, կանանց և երեխաների իրավունքները, անդրադարձել խոսքի ազատությանն
ու ատելության խոսքին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, մարդու իրավունքների
պաշտպանության ՄԱԿ-ի մեխանիզմներին, Հայաստանում և աշխարհում օմբուդսմանական հաստատությունների
գործունեությանը:
Երկօրյա
դասընթացը կազմակերպվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Հայաստանի միջազգային
իրավունքի միության (ՀՄԻՄ) համագործակցությամբ և կրել է «Մարդու իրավունքների միջազգային
իրավունք» խորագիրը: