Գեղարքունիքի
մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ
Մանասյանը նոյեմբերի 26-ին Մարտունու համայնքապետարանում հանդիպել է համայնքի բնակիչների
հետ:
Հանդիպմանը
մասնակցել է մոտ 50 անձ, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք: Նրանք ներկայացրել են
իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են զինծառայողների
և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությանը, հասարակական տրանսպորտի
հասանելիությանը, մարդու իրավունքների տեսանկյունից դրա ստեղծած խնդիրներին, կրթության
մատչելիությանը, նախակրթարանների, քոլեջների, երաժշտական դպրոցների աշխատակիցներին
տրամադրվող սոցիալական աջակցությանը, այդ թվում` սոցիալական փաթեթի բացակայությանը,
երիտասարդների զբաղվածությանը: Բռնի տեղահանված անձինք հիմնականում բարձրաձայնել են
հարցեր իրենց փաստաթղթերի վերականգման, աջակցության ծրագրերի հետ կապված:
Բնակիչները
նաև իրենց մտահոգությունն են հայտնել մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մարտունու
նստավայրի փակման առնչությամբ, որի հետևանքով համայնքի բնակիչների համար ստեղծվել են
լրացուցիչ դժվարություններ՝ այլ համայնքներ մեկնելու տեսանկյունից:
Անահիտ
Մանասյանը վստահեցրել է, որ քննարկման շրջանակներում վերհանված խնդիրներն աշխատակազմում
կուսումնասիրվեն և կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:
Մարդու
իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին
տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ: