Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի
23-ին Դիլիջանում մասնակցել է «Կատարինե-Տավուշ»
թիմի կանանց քաղաքական առաջնորդության համաժողովին և որպես բանախոս հանդես է եկել
«Կանանց իրավունքների խթանումը՝ որպես գենդերային հավասարության երաշխիք» թեմայով։
Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի, Դիլիջանի համայնքապետարանի,
կրթության, մշակույթի, առողջապահության համակարգի ավելի քան 50 կին ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին՝ Մարդու իրավունքների պաշտպանը նշել է,
որ այս միջոցառումը ևս մեկ առիթ է կանանց իրավունքների խթանման ու պաշտպանության կարևորությունն
ընդգծելու ու այդ ուղղությամբ տարվող ջանքերը համատեղելու համար։
«Կանանց իրավունքների խթանումը բացառիկ կարևորություն ունի մարդու
իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ ունենալու տեսանկյունից: Սովորաբար, երբ
հասարակությունում խոսում են իրավահավասարության մասին, առավելապես թիրախավորվում է
այն հանգամանքը, թե իբր դա միտված է որոշակի խմբերին արտոնություններ տրամադրելուն:
Մինչդեռ տվյալ պարագայում խոսքը ոչ թե արտոնություններ տրամադրելու, այլ հավասար հնարավորություններ
երաշխավորելու մասին է: Որոշ խմբերի իրավունքների շեշտադրումը նշանակում է, որ հասարակությունում
նրանց իրավունքների հետ կապված առկա են խնդիրներ: Կարևոր չէ, մեծ են այդ խնդիրները
թե փոքր: Փաստն այն է, որ կան մարտահրավերներ, որոնք պետք է հաղթահարվեն»,- ասել է
Պաշտպանը:
Պաշտպանն անդրադարձել է նաև ընտանեկան բռնության դեպքերին:
«Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական, տնտեսական և բռնության
այլ տեսակների մասին է: Դա ուղղված է, ի թիվս այլնի, կանանց դերակատարությունը հասարակական
կյանքում նվազեցնելուն»,- նշել է Անահիտ Մանասյանը:
Պաշտպանն անդրադարձել է նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում
առկա անհանդուրժողականությանը:
«Անհանդուրժողականությունը հանգեցնում է տարատեսակ բացասական
երևույթների, այդ թվում՝ կանանց թիրախավորման։
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում:
Ավելին, կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք
չեն թիրախավորվի: Երևույթի դեմ պայքարի լավագույն միջոցը՝ յուրաքանչյուրիս կողմից դրան
հակազդելն է: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի
ձևավորմանը և կանանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը:
Ամփոփելով՝ Անահիտ Մանասյանը խոսել է նաև մարդու իրավունքների
պաշտպանության տեսանկյունից լրջագույն խնդրի մասին՝ իրավունքների բաժանմանը «կարևորի»
և «անկարևորի»։
«Երբ խոցելի իրավիճակներում գտնվող անձանց իրավունքներին ուշադրություն
է կենտրոնացվում, շատերի կողմից դա ներկայացվում է որպես իրավունքի «անկարևոր» տեսակ
և երկրորդային գործունեություն: Սա ձևախեղում է մարդու իրավունքների պաշտպանության
համակարգի առնչությամբ ընկալումները»,- ասել է Անահիտ Մանասյանը:
Հանդիպման վերջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն
է հայտնել միջոցառման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ընդգծելով, որ մի շարք խնդիրներ
հնարավոր է լուծել միայն համատեղ աշխատանքով: