Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի
22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։
Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության
հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության
ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները
և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։
Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանն անդրարադրձել
է ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը,
ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, իրավահավասարության և խտրականության
դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև փախստականների և
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը։
Անահիտ Մանասյանը նշել է, որ այս ոլորտներն իր համար առաջնահերթություն
են, և իրականացվող բոլոր ծրագրերը միտված են առկա կարծրատիպերը կոտրելուն, մարդու իրավունքների
պաշտպանության ավելի ամուր համակարգ ձևավորելուն։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև խոշտանգումների
և վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման, ընտանեկան բռնության, երեխաների իրավունքների
պաշտպանության և նրանց բռնության ցանկացած տեսակից զերծ պահելու, հավաքների և խոսքի
ազատության իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Այս
համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է նաև ոստիկանության բարեփոխումների կարևորությունը։
Իր հերթին դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է
հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների
պաշտպանության առաքելության իրականացման գործում։