Միավորված Ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների ազգային
ինստիտուտների գլոբալ դաշինքի (GANHRI) հավատարմագրման հարցերով ենթահանձնաժողովը Հայաստանի
Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհել է վստահելիության
և անկախության A դասի բարձրագույն կարգավիճակ:
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին պաշտոնապես տեղեկացվել
է, որ ենթահանձնաժողովը Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի
Բյուրոյին առաջարկել է իր ղեկավարած հաստատությանը շնորհել «A» դասի բարձրագույն կարգավիճակ:
Նման կարգավիճակ շնորհվում է այն օմբուդսմաններին և ազգային հաստատություններին, որոնք
համապատասխանում են ՄԻՊ գործունեության համար սահմանված սկզբունքներին, անկախ են, վստահելի
և դրսևորում են մարդու իրավունքներին առնչվող խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու
և լուծելու կարողություն:
Ենթահանձնաժողովն ուսումնասիրել է Հայաստանի Մարդու իրավունքների
պաշտպանի գործունեությունը, որի արդյունքում հաստատել է, որ Հայաստանի Պաշտպանի ինստիտուտը
գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ
ստանալու չափանիշներին:
Ի թիվս այլնի, ուսումնասիրության առարկա են դարձել Մարդու իրավունքների
պաշտպանի 2023 թվականի տարեկան հաղորդումը, մարդու իրավունքներին առնչվող զգայուն հարցերը
հրապարակայնորեն հասցեավորելու հանգամանքը և այլն։ 2023-2024թթ. Մարդու իրավունքների
պաշտպանի նախաձեռնությամբ իրավասու պետական մարմինների հետ ակտիվ քննարկումների առարկա
են դարձել 2019 թվականին Հավատարմարգրման ենթահանձնաժողովի կողմից Հայաստանի ՄԻՊ հաստատությանը
տրված հանձնարարականները՝ վերաբերելի ոլորտներում օրենսդրական փոփոխություններ կատարելու
առնչությամբ, մշակվել և քննարկվել են համապատասխան նախագծային տարբերակներ։
Մարդու իրավունքների պաշտպանը հանձնառու է հետևողական լինել
Հավատարմագրման ենթահանձնաժողովի կողմից ներկայացված հանձնարարականների նաև հետագա
իրացման հարցերի առումով։
A դասի կարգավիճակը բարձրացնում է ոչ միայն Մարդու իրավունքների
պաշտպանի, այլև տվյալ երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում: Նման կարգավիճակ
ստացած Պաշտպանները հնարավորություն են ստանում լիակատար մասնակցություն ունենալու
Միավորված ազգերի կազմակերպության մարմիններում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային
կառույցներում, ինչպես նաև ընդգրկվելու դրանց կառավարման մարմիններում: