2024 թվականի
հոկտեմբերի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ տեղեկատվություն է ստացվել
առ այն, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մարզադպրոցի շենքում ժամանակավորապես բնակություն
հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մի քանի օր է մնացել են առանց
էլեկտրաէներգիայի մատակարարման։
Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ՝ անհապաղ կապ է հաստատվել
շենքի բնակիչների և տեղական ինքնակառավարման մարմնի իրավասու ներկայացուցչի հետ:
Բնակիչները
նշել են, որ ցուրտ եղանակային պայմաններով պայմանավորված, առանց էլեկտրաէներգիայի մատակարարման
շենքում բնակվելը դարձել է անհնար:
Խնդրին
առավել մանրամասն ծանոթանալու նպատակով Պաշտպանի հանձնարարությամբ նույն օրը մշտադիտարկման
այց է իրականացվել:
Այցի ընթացքում
բռնի տեղահանված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են նրանց
պայմանները, կարիքների գնահատման, բժշկական օգնության և սպասարկման, սննդի, անձնական
հիգիենայի պարագաների տրամադրման հետ կապված հարցերը։
Հատուկ
ուշադրություն է դարձվել խոցելի խմբերի, այդ թվում` երեխաների, տարեցների, հաշմանդամություն
ունեցող անձանց իրավունքների ապահովման վիճակին։
Մարդու
իրավունքների պաշտպանի աջակցությամբ՝ բարձրացված հարցը ստացել է լուծում և էլեկտրաէներգիայի
մատակարարումը վերականգնվել է։
Պաշտպանը
կարևորում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կառուցողական աշխատանքը՝
խնդիրներին օպերատիվ լուծումներ տալու տեսանկյունից:
Բռնի տեղահանված
անձանց իրավունքների ապահովման հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի ամենօրյա
ուշադրության ներքո։