Մարդու
իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ անցկացվող երկօրյա բարձր մակարդակի
միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպան Անահիտ Մանասյանը այցելել են Հայաստանի
ազգային պատկերասրահ: Պատկերասրահում նրանք մասնակցել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնի
սաների կողմից պատրաստված համերգային միջոցառմանը:
Երաժշտախմբի
հիմնադիր - ղեկավարներն են Աննա և Անահիտ Մխիթարյանները, որոնք երեկոյի ամբողջ ընթացքում
նվագակցել են խմբի անդամներին:
Օրվա առթիվ Անահիտ Մանասյանը «Ճախրուկ» էթնո երաժշտախմբին
հանձնել է շնորհակալագիր՝ երգով և երաժշտությամբ՝ համերաշխության, բարության տարածման,
առանձնահատկություններով անձանց իրավունքների խթանման համար:
Երեկոյի
ավարտին միջազգային համաժողովի հյուրերն ու Պաշտպանն այցելել են Հայաստանի պատմության
թանգարան՝ Անահիտ աստվածուհու բրոնզե արձանը տեսնելու նպատակով:
«Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները
ճգնաժամային իրավիճակներում. Ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր
մակարդակի միջազգային համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական
միակ ազգային հաստատություն, մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների
ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ
ավելի քան 15 պետություններից։
Միջոցառումը
կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի
կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի
Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու
իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի
խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝
Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից
իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի
շրջանակներում։