Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երկօրյա այց
են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի
բաժին:
Այցերի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բուժօգնության,
կարգապահության, բարոյահոգեբանական վիճակի, սննդի որակի հետ կապված հարցերը և այլն։
Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել շարքային,
ենթասպայական և սպայական կազմի զինծառայողների հետ, քննարկվել են զինծառայողների և
նրանց ընտանիքների անդամների իրավունքներին վերաբերելի տարբեր հարցեր, այդ թվում՝ սոցիալական
ապահովության, կրթական ցենզի բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության,
առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային պայմանների և այլնի հետ կապված։ Առանձին
հանդիպում է անցկացվել զորամասի կանանց խորհրդի հետ, քննարկվել են կին զինծառայողներին
հետաքրքրող տարբեր հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց լուծման մեխանիզմների մասին:
Այցերի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի
ներկայացուցիչները դրսևորել են համագործակցության բարձր մակարդակ։
Պաշտպան Անահիտ Մանասյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ զինծառայողների
ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր
ամենօրյա ուշադրության ներքո են:
Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում
և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։
Նշված այցերի արդյունքները ևս ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում,
որով պայմանավորված՝ համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն։