Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին շարունակվում են ներկայացվել բազմաթիվ բողոքներ՝
ՀՀ տարբեր բնակավայրերում, հատկապես՝ մայրաքաղաքում իրականացվող մեծածավալ շինարարական
աշխատանքների հետևանքով քաղաքացիներին պատճառվող անհարմարությունների և իրավունքների
խախտումների վերաբերյալ:
Մասնավորապես,
քաղաքացիներն իրենց դժգոհությունն են արտահայտում շինարարական և քանդման աշխատանքների
հետևանքով առաջացող բարձր աղմուկի, փոշու, անվտանգային հարցերի, ինչպես նաև շինաշխատանքները
ոչ աշխատանքային և հանգստյան օրերին իրականացնելու, արդյունքում` իրենց իրավուքների
խախտումների վերաբերյալ:
Առավել
մտահոգիչ է այն, որ որոշ դեպքերում ներկայացված բողոքներում բարձրացվում է այն հարցը,
որ այդ աշխատանքների հետևանքով խաթարվում է նաև հարևանությամբ գտնվող դպրոցներում դասապրոցեսների
բնականոն ընթացքը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ կրթության իրավունքի
պատշաճ իրացումը երեխայի` Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքն է, որի
իրացման ապահովման առաջնային և կարևորագույն օղակներից են հանրակրթական ուսումնական
հաստատությունները:
Պաշտպանն
ընդգծում է, որ ճանաչելով յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքը՝ պետության ջանքերը
պետք է նպատակաուղղված լինեն յուրաքանչյուր երեխայի կրթության պատշաճ իրացման ապահովմանը:
Մարդու
իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ քննարկվող ամբողջ ոլորտում պետության կողմից
կա´մ մշակված չեն գործիքակազմեր, կա´մ դրանք չեն կիրառվում անհրաժեշտ և բավարար մեթոդաբանությամբ`
արդյունքում հանգեցնելով քաղաքացիների տարատեսակ իրավունքների խախտումների:
Վերոգրյալի
հաշվառմամբ՝ անհրաժեշտ է հրատապ քայլեր ձեռնարկել նշված խնդիրների լուծման ուղղությամբ: