Հայաստանի
մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի աշխատանքը ներկայացվել է Մոլդովայում
կայացած «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու մարդու
իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և գործընկերության
համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին:
Մարդու
իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և Պաշտպանի
խորհրդական Անժելիկա Մովսեսովան մասնակցել են սեպտեմբերի 19-ից 20-ը Մոլդովայի
Քիշնև քաղաքում կայացած՝ «Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերն ու
մարդու իրավունքների ազգային հաստատությունների դերը ԵՄ անդամակցության և
գործընկերության համատեքստում» խորագրով միջազգային համաժողովին:
Պաշտպանի
աշխատակազմի գլխավոր քարտուղարը հանդես է եկել որպես բանախոս պանելային
քննարկմանը՝ նվիրված Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային
հաստատությունների դերի ամրապնդմանը տարածաշրջանում՝ առկա մարտահրավերների և
հնարավորությունների դիտարկմամբ։
Նինա
Փիրումյանը միջազգային գործընկերներին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի
հաստատության գործունեության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները
ինչպես հաստատության ընդհանուր մանդատի, այնպես էլ կոնվենցիոն կարգավիճակների
շրջանակում՝ ընդգծելով հաստատության պատշաճ գործառութավորման համար անհրաժեշտ
ռեսուրսների ապահովվածության կարևորությունը։
Անդրադարձ
է կատարվել նաև Պաշտպանի հաստատության՝ որպես անկախ և անկողմնակալ մշտադիտարկման
մեխանիզմի ներգրավվածությանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում մարդու
իրավունքների ու իրավունքի գերակայության ամրապնդմանն ուղղված քննարկումներին։
Հատուկ
ընդգծվել է, որ այդ քննարկումներին Պաշտպանի հաստատության՝ մարդու իրավունքների
պաշտպանության վիճակի բարելավմանն ուղղված առաջարկները դիտարկվում են իբրև
օբյեկտիվ և արժանահավատ տեղեկատվություն՝ գնահատելու պետության հանձնառությունների
կատարման վիճակը՝ մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության
համատեքստում։
Գլխավոր
քարտուղարն առանձին անդրադարձել է Օմբուդսմանական և մարդու իրավունքների ազգային հաստատությունների
համար անվտանգ և կառուցողական միջավայրի ապահովման կարևորությանը՝ մեջբերելով Մարդու
իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI)` Եվրոպայում
իրավունքի գերակայության վիճակի վերաբերյալ 2024 թվականի զեկույցը, որում
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո
գտնվող հաստատությունների թվին, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի դեմ իրականացվող
արշավները դիտարկվել են որպես կազմակերպված բնույթ ունեցող։
Որպես
Պաշտպանի հաստատության առաջնահերթություն և մարտահրավեր՝ հատուկ անդրադարձ է
կատարվել Պաշտպանի հաստատության փաստահավաք գործունեությանն ու դրա արդյունքներին՝
ընդգծելով 2023 թվականի սեպտեմբերին բռնի տեղահանման արդյունքում ստեղծված
հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները։