Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի
11-ին մասնակցել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի
բացման արարողությանը:
Կատարված
աշխատանքների արդյունքում վերանորոգվել են ազատազրկված կանանց մասնաշենքը, որը ներառում
է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական
կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ
և արհեստագործական ուսումնական սենյակներ՝ հագեցած համապատասխան ժամանակակից գույքով
ու սարքավորումներով:
Արարողությանը
ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական
ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս
Մարագոսը:
Անահիտ
Մանասյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված
հարցերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում:
«Կարևոր
է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները, այդ թվում՝ երաշխավորելով
նրանց համար հասանելի տարբեր ծառայությունների և նրանց միջավայրի պատշաճ մակարդակը
միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ հանգամանքների չերաշխավորումը շատ հաճախ
հանգեցնում է տարբեր խնդիրների՝ թե արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դիտանկյունից,
թե կարող է հանգեցնել իրավունքի տարբեր այլ խախտումների, օրինակ՝ կրթության, կանանց
իրավունքների, հղիների ու մինչև 3 տարեկան երեխաների խնամող կանանց իրավունքների հետ
կապված հարցերի։ Այդ խնդիրները մենք ոչ միայն արձանագրել ենք, այլև տարբեր ձևաչափերով
անընդհատ ենք դրանց մասին բարձրաձայնում»,-ասել է Պաշտպանը:
Բացման
արարողությունից հետո ներկաները շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկի վերանորոգված
մասնաշենքերում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։