Մարդու
իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը որպես հիմնական բանախոս սեպտեմբերի 6-ին Լոռու
մարզում մասնակցել է Մարդու իրավունքների հիմնահարցերի լուսաբանման թեմայով լրագրողական
եռօրյա աշխատաժողովին:
Միջոցառմանը
մասնակցել են զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:
Նպատակն
էր նրանց հնարավորություն ընձեռել խորքային ուսումնասիրելու Հայաստանում մարդու իրավունքներին
վերաբերող բազմաբնույթ ոլորտները և դրանցում առկա խնդիրներն ու բարեփոխումների ընթացքը։
Որպես մոդերատոր հանդես է եկել «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ-ի
նախագահ Գայանե Աբրահամյանը:
Անահիտ
Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններն ու մանդատը,
ինչպես նաև իրականացված աշխատանքներն ու լուսաբանման այն առանձնահատկությունները, որոնք
կարևոր են աշխատաժողովի մասնակիցների տեղեկացվածության և տարբեր ոլորտների առնչությամբ
զգայունության բարձրացման համար։
«Լրագրողների
մասնագիտական աշխատանքը ցանկացած հասարակության համար առանցքային դերակատարություն
ունի։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, շատ եմ կարևորում Ձեր աշխատանքն ու մեր
արդյունավետ համագործակցությունը: Միևնույն ժամանակ, պակաս կարևոր չէ մասնագիտական
լրատվական գործունեության իրականացումը բացառապես էթիկայի կանոնների, «պատասխանատու
լրագրության» սկզբունքների պահպանման և լրագրողների գործունեության արդյունքում ատելության
խոսքի բացառման համատեքստում»,- ասել է Պաշտպանը:
Անահիտ
Մանասյանն ընդգծել է, որ լրագրողների մասնագիտական գործունեության անխոչընդոտ իրականացմանն
առնչվող տարբեր խնդիրներ տեղ են գտել նաև ՄԻՊ տարեկան հաղորդման շրջանակներում: Պաշտպանը
հանձնառու է լինելու դրանց լուծման հարցում։
Աշխատաժողովը
մաս է կազմում «Լրագրողները ՝ հանուն մարդու իրավունքների» ծրագրի, որի շրջանակներում
ամեն տարի դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում
է լրագրողական ամենամյա մրցանակաբաշխություն:
Ծրագիրն
իրականացվում է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ի և «Հոդված 3» ակումբի
կողմից՝ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։