Պետք է կարողանանք հաղթահարել իրավունքի ժամանակակից արժեքներին
հակասող կարծրատիպերը. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 23-ին
հանդիպել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակից դպրոցականների հետ:
Հանդիպմանը մասնակցել է 51 երեխա Երևանից և ՀՀ տարբեր մարզերից:
Պաշտպանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների
շրջանակն ու աշխատանքների հիմնական ուղղությունները:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը,
շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝
որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ
արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել կրթության
միջոցով և մեր օրինակելի վարքագծով։ Մենք պետք է ունենանք բազմազանության նկատմամբ
հարգանք, երաշխավորենք յուրաքանչյուրի արժանապատվության անխախտելիությունը, հաղթահարենք
իրավունքի ժամանակակից արժեքներին հակասող կարծրատիպերը», - ասել է Պաշտպանը:
Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ: Անահիտ Մանասյանն
ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի
անդամ Արթուր Հովհաննիսյանը երեխաների հետ զրուցել են նաև բուլինգի, խտրականության
դեմ պայքարի, խոսքի ազատության, հավաքների ազատության իրավունքների և մի շարք այլ հարցերի
շուրջ:
Անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը,
այդ ուղղությամբ ՄԻՊ հաստատության իրականացրած աշխատանքներին։
Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների
իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ
Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն, կատարած այցի մասին,
որին իր հետ համատեղ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները: Պաշտպանը նշել է, որ
նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին
առնչվող տարբեր խնդիրների մասին:
Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել
հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել
Պաշտպանի աշխատակազմում: