Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ
է համարում այն հանգամանքը, որ հասարակության տարբեր շրջանակներ հրապարակային խոսքով
փորձ են անում արդարացնել հուլիսի 26-ին Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխայի նկատմամբ
տեղի ունեցած ֆիզիկական բռնության դեպքը։ Այս մասին վկայում են Պաշտպանի աշխատակազմի
կողմից իրականացված սոցիալական մեդիայի մշտադիտարկումը և վերլուծությունը։
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բռնության ցանկացած դեպք
խիստ դատապարտելի է, և պետությունն ունի հստակ պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ
և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը ինչպես ֆիզիկական, այնպես
էլ հոգեբանական և այլ տեսակի բռնությունից։ Ավելին, պետք է երաշխավորվի նման դեպքերի
պատշաճ և բազմակողմանի քննությունը և պատասխանատվության անխուսափելիությունը:
Պաշտպանը հետևողական է լինելու ինչպես վերոնշյալ, այնպես էլ
բռնության այլ դեպքերի հասցեավորմանն ու խնդիրների լուծմանն ուղղված քայլերի իրականացմանը։
Ընդ որում` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ կարևոր է հասցեավորել ոչ միայն
ֆիզիկական, այլ նաև հոգեբանական և այլ տեսակի բռնության դեպքերը: