Առաջնորդության
գաղափարը տիտղոսներ ունենալու ու հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ․ այն կենսակերպ է,
որի առանցքը մարդկանց կյանքում որևէ դրական փոփոխություն կատարելն է. Մարդու իրավունքների
պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 26-ին «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական
և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում կազմակերպված «Առաջնորդությունը որպես
փոփոխությունների վրա ազդելու միջոց» թեմայով քննարկմանը հանդես է եկել հիմնական ելույթով:
Միջոցառման
նպատակն էր բարելավել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական
գործընթացներում։ Մասնակցել է Շիրակի մարզից 25 կին:
Իր ելույթում
Անահիտ Մանասյանն անդրադարձել է առաջնորդության գաղափարին, կին առաջնորդների համար
առկա մարտահրավերներին, կանանց իրավունքների պաշտպանության և խթանման բնագավառում առկա
խնդիրներին։
«Առաջնորդության գաղափարը տիտղոսներ ունենալու ու
հերոսի կերպար ձևավորելու մեջ չէ․ այն կենսակերպ է, որի առանցքը մարդկանց կյանքում
որևէ դրական փոփոխություն կատարելն է: Այսօր կանանց առաջնորդությունը շատ ավելի մարտահրավերային
է, քան՝ տղամարդկանցը։ Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով
տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ
թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար՝ երբեք չընկճվեք այս
բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը,
որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ
կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում: Ավելին, կենսափորձիս
հետևանքով համոզվել եմ, որ անախորժությունների դեմ պայքարելու փոխարեն դրանք պարզապես
պետք է ընդունել որպես հնարավորություն, և «փոքր» գործերի միջոցով փորձել մարդկանց
կյանքում իրական փոփոխություններ մտցնել: Ամենակարևոր գաղափարներից մեկը, որ սովորել
եմ կյանքում, այն է, որ պետք չէ կառչել արդյունքներից, այլ անհրաժեշտ է վայելել կյանքի
յուրաքանչյուր ակնթարթը: Վստահ եմ նաև, որ յուրաքանչյուրն իր համար պետք է գտնի կյանքի
այնպիսի բանաձև, որն իրեն իրապես ներդաշնակ կդարձնի», - ասել է Անահիտ Մանասյանը:
Այս համատեքստում
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծել է, որ կանանց ներգրավվածությունը կարևոր
է կառավարման ոչ միայն միջին, այլ նաև որոշումների կայացման մակարդակում:
Քննարկումը
կազմակերպել է «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունը՝ Ժողովրդավարության
աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ: